Պոչամբարում առանձնացվում են քիմիական վերամշակումից առաջացած թունավոր, վտանգավոր թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն լճերի, պոչամբարները հարուստ են կյանքի համար վտանգավոր նյութերով: Պոչամբարները փակվում են՝պատվելով հողային շերտով, որի վրա բուսականություն է աճեցվում: Այդ ճանապարհով փորձում են կանխել պոչամբարներում կուտակված թունավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր: Ներկայումս Հայաստանում կա 23 պոչամբար, որոնցից 15-ը գործող են: Պոչամբարների մեծ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Հայաստանի ամենամեծ պոչամբարը՝ Արծվանիկը գտնվում է Սյունիքի մարզում: Այն համարվում է նաև աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը:
Սյունիքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում ծանր մետաղների և մկնդեղի քանակը գերազանցում է թույլատրված միջազգային չափանիշները: Մասնավորապես՝ Ախթալայում և Ալավերդիում ապրող երեխաների օրգանիզմում կապարը գերազանցել է սահմանային մակարդակը:
Ֆիլմը պատմում է հանքարդյունաբերության հետևանքով երկրում ստեղծված բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների մասին:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ներկայում հաշվառված է օգտակար հանածոների մոտ 670 հանքավայր: 29 հազար ք/կմ տարածքում արդեն շահագործվում է շուրջ 400-ը, որոնցից 22-ը մետաղական են, որոնց մեծ բաժին է հասնում Սյունիքին։ Մետաղական հանքերը առավել մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար, քանի որ դրանց շահագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ և ծանր մետաղական թափոնները լցվում են ձորերն ու գետերը:
Միայն Սյունիքում այսօր գործում է 11 մետաղական հանքավայր: Մինչև 2016թ. շահագործման է սպասում ևս 28 մետաղական հանքավայր։ Այսինքն՝ 39 մետաղական հանքավայր՝ միայն մեկ մարզում՝ 4546 ք/կմ վրա: Գործող հանքավայրերի շահագործման արդյունքում Սյունիքում արդեն կան 12 մեծ ու փոքր պոչամբարներ:
«Հարց է առաջանում, որտեղ պետք է ապրի մարդը, բույսը, կենդանին, գետը»,- ասվում է ֆիլմում։
Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող անդամները ֆիլմը կներկայացնեն նաև ամերիկահայ համայնքին: