Թուրքիայի
մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։ Ստամբուլը խոշորագույն քաղաքը լինելուց բացի հանդիսանում է նաև երկրի մշակութային և առևտրային գլխավոր կենտրոնը։ Այն բնակչության թվաքանակով Եվրոպայի ամենամեծ քաղաքն է: Թուրքիան բազմազգ պետություն է: Թուրքերը կազմում են երկրի բնակչության 70 %-ը[9]։ Օրինական կերպով ճանաչված ազգային փոքրամասնություններն են հայերը, հույները և հրեաները, իսկ չճանաչված էթնիկ խմբերից են քրդերը, արաբները, չերքեզները, ալբանացիները, բոսնիացիները, վրացիները և այլն։ Քրդերը երկրի ամենամեծ ազգային փոքրամասնություններն են (հիմնականում բնակվում են Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի) տարածքում), որոնք կազմում են երկրի բնակչության 20%-ը։
Ժամանակակից Թուրքիայի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարե դարի ժամանակներից[10]։ Անտիկ ժամանակներում Թուրքիայի մերօրյա տարածքը բաժանված է եղել ասորիների, հույների, թրակիացիների, փռյուգիացիների, ուրարտացիների և հայերի մեջ[11][12][13]։ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից այս տարածքների նվաճումից հետո, Փոքր Ասիան ենթարկվում է հունականացման, իսկ որոշ ժամանակ անց միավորվում է Հռոմեական կայսրության մեջ։ Կայսերական Հռոմի մասնատումից հետո Անատոլիանդարձել է Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածք[12][14]։ 11-րդ դարում Անատոլիան ենթարկվել է սելջուկների արշավանքներին և սկսվել է տարածաշրջանի թուրքալեզու ազգերով բնակեցման գործընթացը։ 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքերը ջախջախիչ պարտություն են կրում սելջուկներից, որի արդյունքում ներկայիս Թուրքիայի տարածքի վրա ստեղծվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը[15]։ Սելջուկները ղեկավարում են Անատոլիան մինչև մոնղոլական արշավանքները[16]։ 1299 թվականին օղուզների ցեղի առաջնորդ Օսման I-ը Թուրքիայի արևելքում ստեղծում է իր պետությունը, որը, կարճ ժամանակահատվածում ընդարձակվելով, դառնում է աշխարհակալ կայսրություն։ 14-րդ դարի կեսերին Օսմանյան կայսրությունն իր շուրջն է միավորում Անատոլիան, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը։ 1453 թվականին թուրքերը գրավում են Կոստանդնուպոլիսը՝ վերջ դնելով դարերի պատմություն ունեցող Բյուզանդիայի գոյությանը։ Այսպիսով՝ Օսմանյան կայսրությունը դառնում է Եվրասիայի և Աֆրիկայի մեծագույն քաղաքական ուժը։